Archive | November, 2012

Քեյթ Միդլթոնի թոփ 10 զգեստները

30 Nov

՛՛Միակ բանը, որ երբևէ ուզել եմ, որպեսզի իմ կյանքը նման լինի հեքիաթի: Ինչպես Քեյթ Միդլթոնին հաջողվեց? Մինչդեռ իմ սանրվածքն ավելի լավն է՛՛,- այսպես էր իր սիրելի սպասուհուն բողոքում Gossip Girl սերիալի հերոսուհի Բլերը:

Ասում են, որ Քեյթը ոճաբան չունի: Իր զգեստները և սանրվածքն անձամբ է ընտրում, ինքնուրույն շպարվում: Բայց ասեք, որ դժվար է հավատալ, թե ինչ-որ մեկը կարող է այսպիսի անթերի ճաշակ ունենալ:

Ուզում եմ ցույց տալ իմ տասը ամենասիրելի և հիշվող զգեստները, որ կրել է Քեյթը:

10. Բրենդը՝ Whistles: Ես խենթանում եմ այս տարի շատ նորաձև դարձած շերտավոր շրջազգեստների համար, որոնք ինձ դպրոցական տարիներս են հիշեցնում: Այս զգեստը հագնես թե առավոտյան, թե՝ երեկոյան, տեղին կլինի:

9. Ես դասականի կողմնակից եմ, ավելի ճիշտ՝ ժամանակակից-դասականի: Եվ իմ կարծիքով այս զգեստն այդ տարբերակներից է:  Զգեստը՝ Erdem, կոշիկները՝ L. K. Bennett:
8. Իմ (ինչպես նաև Քեյթի)) սիրելի դիզայներներից մեկի՝ Alexander McQueen-ի հագուստով… Իսկ սաբոներն ընդհանրապես իմ թուլությունն են դեռ վաղուց:

7. Alice Temperley-ի սեւ ժանյակավոր զգեստն իրավունք չուներ չհայտնվել թոփ տասնյակում: Հենց սրանով են Մադամ Տյուսոյի թանգարանում կանգնեցրել նրա մոմե արձանը

6.Այսօր շատ նորաձև են զգեստ-վերարկուները: Մի կողմից դրանց կտորը միանշանակ վերարկուի է, մյուս կողմից էլ նայում ու հասկանում ես, որ այս ՛՛վերարկու՛՛ կոչվածի տակից գրեթե հնարավոր չէ որևէ զգեստ հագնել: Կոնկրետ այս կանաչ գլուխգործոցը պատկանում է  Emilia Wickstead-ին…

5. Jenny Packham-ի 2 զգեստերն էլ հիասքանչ են: Եվ որքան էլ ես ասեմ, թե չեմ սիրում փայլեր, կան դեպքեր, երբ դրանք տեղին են.. Այս վարդագույն զգեստն այդ դեպքերից է:

4. Իսկ այս Jenny Packham-ի ռոմանտիկ զգեստով նա իսկական արքայադստեր տեսք ունի: Եվ ուշադրություն դարձրեք՝ խառը ֆենին եկել է փոխարինելու գեղեցիկ սանրվածքը…
3. Երեկոյան զգեստների շարքն ընդհատեմ մի հիասքանչ դասական Alexander McQueen զգեստով.. Այո, կարելի է հագնվել պարզ, ոչ բաց, դասական և միևնույն ժամանանկ մնալ ողջ աշխարհի ուշադրության կենտրոնում…
2. Սեր: Սեր առաջին հայացքից: Հավատացնում եմ՝ նման բան գոյություն ունի: Եվ դա ին ձ հետ պատահեց, երբ առաջին անգամ տեսա այս զգեստը: Այն մտքիցս դուրս չի գալիս մինչ այսօր: Զգեստը Ալեքսանդր Մաքքունինն է (Alexander McQueen), կլատչը՝ Jimmy Choo-ինը:
1. Դե իհարկե, 1-ին հորիզոնականում չի կարող չլինել նրա ԼԵԳԵՆԴԱՐ Issa զգեստը, որը Vogue-ն ընդգրկել է «Աշխարհի ամենապաշտամունքային զգեստների» ցուցակում: Ըստ ամսագրի՝ այս զգեստն ամենուր վաճառվել է ակնթարթորեն, եւ նրանից կարել են միլիոնավոր պատճեններ:
Եվ այսքանից հետո People ամսագիրն ասում է, որ ամենաճաշակով հագնվողը Քեյթը չէ: Այո, այո, նա 2-րդ հորիզոնականում է՝ զիջելով հոլիվուդյան դերասանուհի Գվինեթ ՊՓելթրոուին:

Սիրուշո. Աղջնակից դեպի կին. ոճային հեղաշրջում

28 Nov

Այսօր վերջապես կանդրադառնամ հայուհու ոճի: Երևի թե շատ զարմանալի չի լինի, որ սկսեմ երգչուհի Սիրուշոյից: Գուցե և ես նրա երգերի ամենամեծ երկրպագուն չեմ, բայց վերջին տարիներին կատարված նրա ոճային փոփոխությունները շատ սրտովս են:

Ասեմ ինչու: Քանի որ նա իմ հասակակիցն է, ու բացի այդ՝ անընդհատ ՛՛աչքի առաջ՛՛է եղել, կամա թե ակամա հետևել եմ նրան: Միշտ էլ նրան կարելի է եղել բնութագրել ՛՛լավիկ՛՛, ՛՛սիրունիկ՛՛, ՛՛գեղեցիկ՛՛… Բայց ես ինչ հիշում եմ, նա ջինսե տաբատներ էր հագնում:

Կտրուկ փոփոխություն երգչուհու հագուկապի մեջ սկսեցի նկատել նրա ամուսնությունից հետ (ի դեպ ասեմ, որ հարսանեկան զգեստն էլ չէի հավաել, մանավանդ՝ քողը): Միանգամից մի տեսակ մեծացավ, հասունացավ, ավելի գրավիչ սկսեց հագնվել և շպարվել: Օրինակի համար վերցնենք միայն վառ գույների շրթներկի հաճախակի գործածությունը..

Այս սպիտակ զգեստով նա հանդես եկավ ազգային մրցանակաբաշխությանը, որը, եթե չեմ սխալվում, Ալեքսանդր Մաքքուինի հավաքածուից է..

Ելույթ ունեցավ նա բոլորովին այլ՝ ավելի ճոխ ու փայփլուն զգեստով: Բայց նրա տեղը լինեի, պարզապես սև տուֆլիներ կհագնեի այս պարագայում: Այս կիսաճտքավոր կոշիկները (այսինքն՝ կազաչոկ սապոգները : ) տեսականորեն կարճեցնում են ոտքը և այն ավելի մարմնեղ ցույց տալիս…

Նույնիսկ աքսեսուարներն են շատացել երգչուհու հագուկապի մեջ…

Հիմա նույնիսկ ջինսե տաբատ հագնելիս չի մոռանում ՛՛կանացի խորամանկությունների՛՛ մասին.. ինչպիսին՝ ճոխ սանրվածքն է կամ բարձրակրունկները..

Որպես վերջաբան ասեմ, որ ինձ նաև դուր էր եկել 2008-ի Եվրատեսիլին նրա կրած զգեստը: Այն շատ աղմուկ բարձրացրեց, ասում էին, թե Արևիկ Սիմոնյանը պետք է այն կարեր ի սկզբանե, ապա արտերկրի ինչ-որ մոդելավորողի են արդյունքում վստահել այդ սուրբ գործը, բայց այդ ամենն ինձ հիմա քիչ է հուզում: Ես հավանում եմ այս շորիկը, և բացատրեմ՝ ինչու:

Այն շատ բեմական է և իսկը Սիրուշոյի համար: Նրա աշխույժ ՛՛Քելե-քելե՛՛ երգին շատ էր սազում աշխույժ պար: Բեմադրություն իհարկե կար, սակայն այնպես չէ, որ Սիրուշոն շատ էր պարում: Մի քանի համաչափ (ընկերուհիներիս կարծիքով՝ անհամաչափ) շարժումներ էր անում և վերջ: Սակայն շնորհիվ զգեստի՝ ամեն մի շարժումը շատ ավելի ճոխ և ուժգին էր երևում:

Վստահ եմ հետագայում Սիրուշոն էլի առիթներ կտա իր ոճին անդրադառնալու…

Ես և Հայֆեշնը

24 Nov

Մի օր իմ ծանոթ ռեժիսորներից մեկը, ով կարճամետրաժ ֆիլմեր է նկարահանում և արդեն բավականին մրցանակներ է շահել արտերկրում, բացատրում էր, թե ինչու ինքը չի ցանկանում սովորել Օքսֆորդի կամ Քեմբրիջի պես համալսարաններում: Եվ հարցն այստեղ ընդունակությունները կամ վճարողունակությունը չէին: Նա ասում էր, որ իր համար կինեմատոգրաֆիան հետաքրքիր է այնքանով, որ այնտեղ ամեն ինչ նոր է և ամեն անգամ ինքը կարծես նոր մանրուքներ բացահայտի: Իսկ ուսում ստանալու դեպքում հնարավոր է այս գործն իրեն այլևս չհետաքրքրեր…

Չեմ ասի, թե այդ պահին ես նրան հավատացի, բայց խոսքերը տպավորվեցին: Եվ հիմա, երբ իմ փոքրիկ բլոգով փորձում եմ մուտք գործել նորաձևության աշխարհ, նոր-նոր հասկանում եմ երիտասարդ ռեժիսորի խոսքերը: Եվ հավատում դրանց: Իրականում, ես էլ այս բնագավառում ուսում չունեմ, և ամեն անգամ ինքս ինձ համար ինչ-որ մեծ ու փոքր բացահայտումներ անելիս ուրախանում եմ: Եվ մտածում՝ ով գիտի, գուցե եթե ուսում ունենայի և աշխատեի հենց այս ոլորտում, այն ինձ այսքան գրավիչ չթվար, որքան հիմա….

Ոչ սահուն անցում կատարեմ բլոգիս: ՀԱՅՖԵՇՆ անունը թող մոլորության մեջ չգցի ձեզ, իրականում իմ բլոգը հայկական նորաձևության մասին չէ. պարզապես ես եմ հայ :Ճ Այստեղ ժամանակ առ ժամանակ կարող են տեղ գտնել մեր նորաձևությանն առնչվող նկարներ և գրառումներ, սակայն հիմնականում տեղադրում եմ ինձ դուր եկած զգեստները՝ անկախ ազգային պատկանելիությունից:)

Անատ

Այրող Պենելոպա Կրուսը՝ 12 կարմիր կերպարներով

22 Nov

՛՛Տղամարդիկ սիրում են այնպիսի կանանց, ինչպիսին Կարմենն է, բայց ամուսնանում են այնպիսիքի հետ, ինչպիսին Պենելոպան է՛՛:

Իսկ ինչ կասեք, եթե համատեղենք նրանց երկուսին: Պենելոպայի կերպարում հանդես կգա Պենելոպա Կրուսը, իսկ Կարմենից նա կվերցնի նրա հմայելու կարողությունն ու այրող կարմիր գույնը:

(Վերոնշյալ աֆորիզմում Պենելոպան առասպելական հերոս Օդիսեյի կինն է, ով հավատարմության խորհրդանիշ է համարվում ողջ աշխարհում):

Իսպանացի դերասանուհի և մոդել Պենելոպա Կրուսը դարձել է Campari օրացույցի նոր դեմքը: Ֆոտոպատմությունը ստացել է  Kiss Superstition Goodbye անվանումը, որ թարգմանաբար նշանակում է Համբույր, Սնահավատություն, Հրաժեշտ… Չեմ կարծում թե լուսանկարիչ Kristian Schuller-ը կերպարները ստեղծելիս մտածել է Կարմենի ու Պենելոպայի մասին, թերևս միայն մի Պենելոպայի՝ իսպանուհու, որը կրում է Emilio Pucci և Salvatore Ferragamo բրենդներ և Chopard-ի զարդեր:

Ահա 12 կերպար, 12 Պենելոպա Կրուս, 12 նման և միևնույն ժամանակ տարբեր լուսանկարներ..

Էմմի + Լեյթոն Մեսթեր = Քրիստիան Լաբուտեն

21 Nov

Մեր հայկական կայքերից մեկն այսպիսի նյութ տեղադրելիս այն հաստատ կվերնագրեր՝ Ի՞նչն է միավորում երգչուհի Էմմին դերասանուհի Լեյթոն Մեսթերի հետ: Իսկ ես սկսեմ սկզբից…

Երեկ դիտում էի ՛՛Ազգային երաժշտական մրցանակաբաշխություն 2012՛՛-ի լուսանկարները: Չէ, չէ, կես տարի անց չեմ որոշել անդրադառնալ մեր աստղերի հագած-կապածին: Ով պետք է, երբ պետք է և որքան պետք է արդեն անդրադարձել է դրանց: Ես կոնկրետ մեկ դեպքի եմ անդրադառնալու, քանի որ այն գրավեց իմ ուշադրությունը: Խոսքս երգչուհի Էմիի հանդերձանքի, ավելի ճիշտ՝ դրա մի հատվածի մասին է:

Լուսանկարին նայելով հազիվ թե գլխի ընկնեք, կոնկրետ որ աքսեսուարին եմ ուզում անդրադառնալ: Ասեմ՝ բարձրակրունկներին: Նայում ու մտածում եմ՝ դրանք ինձ շատ ծանոթ են: Ոչ, ես իհարկե դրանցից չունեմ և հազիվ թե կարողանայի ունենալ, քանի որ այս կոշիկները Christian Louboutin/Քրիստիան Լաբուտեն են: Իսկ գիտե՞ ք, թե ինչ է նշանակում Լաբուտեն: Դա միջինը 500-900 դոլար արժեք ունեցող կոշիկներն են նշանակում: Իսկ ծանոթ են ինձ այս գույնզգույն բարձրակրունկները, որովհետև վերջերս տեսել եմ Gossip Girl սերիալի գլխավոր հերոսուհու Լեյթոն Մեսթերի, նույն ինքը՝ Բլերի հագին:

Շատ չեմ խորացել, թե որ սեզոնին են դրանք պատկանում, բայց ենթադրում եմ՝ վերջին, քանի որ Բլերն այն կրում էր 6-րդ խաղաշրջանում, իսկ այն վերջերս է էկրան բարձրացել և պետք է նկարահանված լինի մոտավորապես մեր ազգային մրցանակաբաշխության ժամանակաշրջանում: Բացի այդ, դա կարևոր էլ չէ: Gossip Girl սերիալն իսկական ուղղորդիչ է նորաձևության աշխարհում, սերիալի հերոսների զգեստները քննարկում և դրանցով հիանում եմ բոլոր նրանք, ովքեր իրենց քիչ թե շատ նորաձևության գիտակ են համարում (ինչպես ես :)): Մի խոսքով, այս զուգադիպությունն ինքնըստինքյան ինձ դուր եկավ:

Բռավո Էմմի, դու ՔԱՅԼՈՒՄ ես ժամանակին համընթաց՝ բառի թե բուն, թե փոխաբերական իմաստով…

Marchesa բրենդը. պատմություն

20 Nov

Մարչեսա բրենդը շատ հայտնի է: Օրինակի համար վերցնենք կարմիր գորգը: Առանց չափազանցության, աստղերի կեսից ավելին օգտվում են հենց այս բրենդից: Ինչու: Որովհետև այն ճոխ է, թանկարժեք,  զգեստները հիմանակնում երեկոյան են, ունի նաև հարսանեկան հոսքագիծ: Բոլորը վստահ են, որ Մարչեսայով իրենք անզուգական են:

Որքան էլ զարմանալի հնչի, այն հիմնադրվել է ընդամենը 2004-ին՝ Ջորջինա Չեպմենի և Կերեն Քրեյգի կողմից: Նրանք հանդիպել են Լոնդոնում՝ Չելսիի արվեստի և դիզայնի քոլեջում: 2001-ին Ջորջինան ավարտել է Ուիմբլդոնի Արվեստի դպրոցը և իր կարիերան սկսել որպես կոստյումների դիզայներ: Կերենը 2000-ին ավարտել էր Բրայթոնի Արվեստի դպրոցը և ավելի կենտրոնացած էր ձեռագործ աշխատանքների վրա: Այս երկուսի համագործակցության արդյունքում էլ հայտնվեց Մարչեսա բրենդը:

Հայդի Քլումը Մարչեսայով

Օլիվիա Ուայլդը

Բլեյք Լավլին

Ժիզել Բունդհենը

Թեյլոր Սվիվթը

Եվա Լոնգորիան

Եվ, ինչպես ասում են, սա դեռ ամենը չէ…